ՔՊ-ից հեռացվածները Սպիտակում գտել են Բարոյական արժեքներ
Սպիտակում ՔՊ-ական համայնքապետի դեմ պայքարում է ՔՊ խմբակցության նախկին ղեկավարը։ Գյուղապետերը բաժանված են երկու ճամբարի։ Նրանք հավատարիմ են կենտրոնական իշխանությանը, բայց բարոյական տարաձայնություններ ունեն լոկալ մակարդակում։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Պաշտոնական քարոզարշավը սկսվել է երեկ։ Քվեարկությունը կլինի նոյեմբերի 29-ին։
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է։
2022-ին ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Համլետ Մազմանյանը նրան մեղադրել է ինքնիրավչության մեջ։ Ի նշան բողոքի Մազմանյանը սկսել է բոյկոտել նաև ավագանու նիստերը։ Չորս ամիս անց նրան հեռացրել են ՔՊ-ից՝ մեղադրելով մեծամասնական թիմի աշխատանքը պարալիզացնելու մեջ։
«Ընտրությունների ժամանակ ես բնակիչներից վստահության մանդատ եմ ուզել, կոնկրետ իմ բնակավայրում մարդիկ ինձ 90․2 տոկոս վստահության քվե են տվել։ Ես չէի կարա գնայի ավագանի ու առանց սեփական կարծիքն ունենալու, առանց իմ բնակիչների կարծիքն էնտեղ արտացոլելու ընդամենը ձեռք բարձրացնող-իջացնող լինեի։ Ես ինձ այդ դերում չեմ պատկերացրել։ Նիստերի ժամանակ բերում հողեր են օտարում։ Հասկացանք՝ հող օտարել, բայց ինչքա՞ն կարելի է։ Ո՞վ է ասել, որ այդ հողերը պիտի անդադար օտարվեն։ Սերունդներին պետք չի՞, որ էտ հողը լինի համայնքային։ Հիմա օտարենք, հետո գնանք խնդրենք, որ հետ տան նվե՞ր։ Նենց հարցեր էին բերվում ավագանի, որ ես չէի կարող դրանց տակ ուղղակի ստորագրել», — Լոռի ՏՎ-ի հետ զրույցում ասել է Մազմանյանը։
Նա որոշել է համախմբել Սպիտակի գործող համայնքապետից դժգոհ մյուս (նախկին) ՔՊ-ականներին և նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցել «Բարոյական արժեքներ» կուսակցությունով, որին արդեն միացել են
— Սպիտակի երկու փոխհամայնքապետերից մեկը՝ Հովիկ Հովհաննիսյանը,
— և 14 գյուղապետերից 6-ը՝ Կաթնաջուր, Սարամեջ, Շենավան, Լուսաղբյուր, Սարահարթ և Արջահովիտ բնակավայրերի վարչական ղեկավարները։
Քաջայր Նիկողոսյանը նրանցից չորսին հեռացրել է աշխատանքից անցած շաբաթ։ «Անկախ դիտորդ» դաշինքի գնահատմամբ՝ այսկերպ նա խախտել է միաժամանակ Ընտրական, Աշխատանքային և Քրեական օրենսգրքերը։ Ազատման որոշումներից ոչ մեկը չի պարունակել օրինական հիմնավորումներ։ Համայնքապետը, որը արձակուրդի մեջ է, նամակ է ուղարկել մյուս վարչական ղեկավարներին և պահանջել նախընտրական մեկ ամսում արձակուրդի չգնալ: Դիտորդները հանցակազմ են գտել նաև այս նամակի մեջ:
ԿԸՀ-ն նախաձեռնել է վարչական վարույթ։
ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Համլետ Մազմանյանն իր թեկնածությունը նախ առաջարկել է իշխող ուժին։ Բայց քանի որ ՔՊ-ն նախապատվություն է տվել գործող համայնքապետին, նա ստիպված դարձել է ընդդիմադիր։ Մազմանյանն «ուզում է Սպիտակը զերծ պահել համապետական քաղաքական կյանքից»։ «Բարոյական արժեքներ» կուսակցության հիմնադիր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանը համակրում է ՔՊ-ին, բայց «կաշկանդված չէ քննադատել» Սպիտակի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուին։
2021 թվականին կուսակցության վարչությունը Քաջայր Նիկողոսյանին առաջադրել էր համայնքապետի թեկնածու՝ ենթադրաբար հաշվի առնելով նրա անձնական և բիզնես կապերը։ Նիկողոսյանն ինքը քաղաքականությամբ չի զբաղվել, և Սպիտակի ՔՊ-ական ակտիվը վստահել է վարչության որոշմանը։
Համլետ Մազմանյանի խոսքով՝ պաշտոնը ստանձնելուց հետո Նիկողոսյանը հրաժարվել է կուսակիցների հետ քննարկել անելիքները, որոշումներ է կայացրել, մասնավորապես, համայնքային հողերի օտարման հետ կապված, հետո փորձել է ճնշել ներկուսակցական քննադատությունը և այլն։ Նրա նախկին ենթակաները հիմա հայտարարում են, թե նույնիսկ հետընտրական կոալիցիա չեն կազմի նրա հետ։
Իշխող կուսակցությունը դժգոհություն չունի։ Անցած 5 տարիներին, ըստ ՔՊ-ի, համայնքում արվել են սուբվենցիոն ծրագրեր, դոտացիոն ծրագրեր, ջուր է քաշվել, ասֆալտ է փռվել, հետևաբար բոլորը պիտի գոհ լինեն գործող համայնքապետից։ Լոռվա ՔՊ-ական մարզպետը նրան սատարում է վարչական ռեսուրսով։
«Սպիտակ հասանք ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցներով, որոնք սպասարկելու են համայնքի 20 գյուղերը և Սպիտակի ներքաղաքային երթուղին ամբողջությամբ անվճար», — գրել է մարզպետ Արեն Մկրտչյանը դեռ օգոստոսին:
Ընտրություններին ընդառաջ համայնքային բյուջեից 68 միլիոն դրամ է հատկացվել 6 միկրոավտոբուս գնելու համար։
Դեռ 2023 թվականին սպիտակցիները ստորագրահավաք էին նախաձեռնել միջհամայնքային տրանսպորտի պահանջով։ Նիկողոսյանն այն ժամանակ հանդիպել էր վարչական ղեկավարների հետ, որպեսզի քննարկի ոչ թե տրանսպորտի, այլ ստորագրահավաքի հարցը։ Համայնքապետարանից կապվել էին նախաձեռնությանը միացած մարդկանց հետ և հորդորել ակտիվություններ չանել։ Համայնքապետը հայտարարել էր, թե հասարակական տրանսպորտի համար բյուջեում փող չկա։
Հաջորդ տարի բյուջեից 46 հազար դոլար էր ծախսվել Նիկողոսյանի համար նոր ամենագնաց առնելու վրա։ 2024 թվականի արտադրության GEELY MONJARO-ն Սպիտակի համայնքապետարանի արդեն 6-րդ ծառայողական մեքենան էր։ Մինչ այդ համայնքապետը երթևեկում էր Lexus-ով, որն առել էր Ջրաշենի նախկին գյուղապետը։ Նրան մեղադրել էին 10 հազար դոլարով գնված մեքենան համայնքապետարանին 20 հազար դոլարով վաճառելու մեջ։
Քաջայր Նիկողոսյանը պաշտոնավարման հինգ տարիներին աչքի է ընկել նաև ծեծի պատմություններով։
Առաջին ծեծվածը Սարամեջ գյուղի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն էր։ Մինասյանը, նրա ամուսինն ու համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը ի սկզբանե նույն թիմից էին։ 2023-ին կոնֆլիկտ է ծագել նաև նրանց միջև։ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց գլխուղեղի ցնցումով։ Նրան ծեծելու համար մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Սպիտակի համայնքապետի որդի Գոռ Նիկողոսյանը, որը միջադեպից կես տարի հետո նշանակվել է «Հայփոստի» Սպիտակի մասնաճյուղի տնօրեն։
Սարամեջի գյուղապետն այս ընտրություններին մասնակցում է «Բարոյական արժեքների» ցուցակով։
տե՛ս Քաղաքապետ պապայի խաթեր ծեծել է գյուղապետի ամուսնուն
Անցած տարի «Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը ծեծել է նաև Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանին, որը դիմել է համայնքապետարան ջրի հարցով։
«Աներոջս ասեցի՝ թող, ամսուկես է բողոքում եմ, ոչ մի բանի տեղ չի դնում, արի, վաղը կգնանք մարզպետարան: Էդ բառիցս հետո քաղաքապետը ինչ բերանին եկած էն այլանդակ բառերով, սեռական բառերով, ինչ լկտի բառ ասես ինձ ասել է ու պլյուս դրան քացով էն որ… աջ ու ձախ բռունցքները… մինչև մեքենայիս մոտ հազիվ փախել եմ, որ ինձ չսպանեն։ էդ ի՞նչ է, իրենց կարելի՞ է նման բան», — պատմել է Էմինյանը:
Դեպքից անմիջապես հետո նա դիմել է ոստիկանություն։ Սպիտակի համայնքապետը միջադեպը չի մեկնաբանել, Քարաձորի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանը հայտարարել է, թե նման բան լինել չէր կարող․ «Համայնքապետը էնքան զուսպ, էնքան կիրթ, էնքան բարի մարդ է։ Իրանք սուտի-մուտի բաներ են ասում, շառլատան են»։
Քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հոդվածով, բայց քաղաքապետին մեղադրանք չի առաջադրվել։
Անցած տարի համայնքապետը Սպիտակում ինքն իր անվան նարդու առաջնություն է կազմակերպել։ Զբաղեցնելով երրորդ տեղը՝ նա ինքն իրեն պարգևատրել է 90 հազար դրամով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հետագայում ստիպել է այդ 90 հազարը հետ վերադարձնել բյուջե։
Նարդու առաջնությանը մասնակցել են նաև համայնքապետի օգնականը, Սպիտակի կազմում գտնվող Շենավան գյուղի վարչական ղեկավարը, համայնքային ՀՈԱԿ-ներից մեկի տնօրենը, ավագանու ՔՊ խմբակցության անդամը և համայնքապետի որդին։ Առաջնության մասնակիցներից հինգը դրամական պարգև են ստացել համայնքային բյուջեի հաշվին։
Նրանց մեծ մասը գալիք ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։
Ընտրություններին մասնակցում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Արման Ավետիսյանի գլխավորությամբ։ Նա Սամվել Կարապետյանին միացել է այս տարվա համապետական ընտրություններից առաջ։ Մինչև 2021 թվականը 6 տարի աշխատել է Սպիտակի համայնքապետարանում որպես աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ։
***
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ՏԻՄ ընտրություններին պառլամենտական ընդդիմությունը մասնակցում է հատուկենտ համայնքներում միայն։ Նախկին ընդդիմադիրներից մի քանիսն արդեն միացել են ՔՊ-ին, շատ համայնքներում իշխող կուսակցությունը ընտրություններ է անում առանց մրցակիցների կամ մրցում է ինքն իր հետ։
Տե՛ս
Ընտրություններ ինքնավարության կրճատման ֆոնին
ՔՊ-ն կոնսոլիդացնում է իշխանությունը
Ռուսականի կուրսը ժողովրդի մեջքը կոտրեց. ընտրությունները Գավառում